ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կորնետն» ուզում է ազգային օպերատոր ճանաչվել

«Կորնետն» ուզում է ազգային օպերատոր ճանաչվել
26.09.2008 | 00:00

Այս տարվա հուլիս ամսից սկսած` Հայաստանում ազգային մասշտաբի կապի նոր ցանց է գործարկվել: Այն հիմնված է հայտնի WiMAX տեխնոլոգիայի վրա, առայժմ 24 բազային կայան ունի, որոնք տեղակայված են երկրի 18 քաղաքներում և իրար հետ կապված են կամ վարձակալված հաղորդակներով, կամ` ռադիոկապով:
Ի՞նչ կարող է տալ այն մեր քաղաքացիներին: Այս հարցով դիմեցինք «Կորնետ - AM»-ի գլխավոր տնօրեն ԲՈՐԻՍ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ:
-WiMAX ցանցն անլար, մեծ ընդգրկում ունեցող լայնաշերտ կապի հնարավորություն է: Անլար կապը նշանակում է, որ ծառայությունը վերջնական սպառողին հասցնելու համար դու այլևս լարերի կարիք չես ունենում, ինչն անցկացնելը որոշ տեղերում դժվար է, իսկ առանձին լեռնային վայրերում` ուղղակի անհնարին: Բազային կայանից եկող ազդանշանը տարածվում է շուրջ 20 կմ շառավղով, ընդ որում, ոչ միայն դաշտավայրերում, որովհետև լեռներն այս դեպքում այլևս խոչընդոտ չեն: Իսկ լայնաշերտ ասածը նշանակում է, որ այդ ցանցի բազայի հիման վրա կարելի է սպառողին մի շարք ծառայություններ առաջարկել. ոչ միայն քաղաքային, այլև միջքաղաքային և միջազգային հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստատեսություն: Կորպորատիվ հաճախորդների համար դա կարող է նաև լոկալ ցանց նշանակել, կապի համակարգեր, ամենատարբեր տվյալների փոխանցում` ձայնային, վիդեո-ազդանշան և այլն:
Ի դեպ, Հայաստանում «ԿՈՄՍՏԱՐ»-ի մասին առայժմ քչերը գիտեն, սակայն ռուսական այս ընկերությունը, որն իր ոլորտում ռուսական շուկայի առաջատարն է, արդեն բավական ժամանակ ներկայացված է Հայաստանում իր դուստր ձեռնարկության` «Կորնետ - AM» ՓԲԸ-ի տեսքով: Մասնագետների կարծիքով` WiMAX-ի հնարավորությունը «Կորնետ - AM»-ը շատ արագ կարող է Հայաստանի խոշոր օպերատորների շարքը դասել, իսկ շուկայում նրա ունեցած կամ դեռևս ունենալիք դերակատարումը երաշխավորված է նաև այն պատճառով, որ ընկերությունը մտադիր է իսկապես էլ ազգային մասշտաբով բազմաթիվ նոր ծառայություններ մատուցել իր սպառողին: Կապի այն ուղիները, որոնց տիրապետում է «ԿՈՄՍՏԱՐ»-ը, պատրաստ են ծառայելու ոչ միայն վերջնական սպառողին, ինչպես ընդունված է համարել քաղաքացուն, այլև շատ խոշոր բիզնես համակարգերի: Դրանք կարող են զարգացման լավ հիմք դառնալ սոցիալական մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ ծառայությունների համար: Նկատի է առնվում ոչ միայն, ասենք, ինտերնետի հասանելիությունը և այլն, այլև, օրինակ, էլեկտրոնային վճարման համակարգերը, հեռակառավարմամբ ուսուցումը և հեռաբժշկությունը, եթե կարելի է այդպես ասել (տելեմեդիցինա): Այսպիսի ծառայությունները կարող են առաջին կարևոր քայլերը կատարել գյուղական համայնքների զարգացման և նույն այդ համայնքների կյանքի բարելավման իմաստով:
«Համաձայն ընկերության ռազմավարական պլանների` Հայաստանի բնակչությանը երկրի ողջ տարածքով մեկ կմատուցվեն մուլտի-հեռահաղորդակցային ծառայություններ»,- նշում է «ԿՈՄՍՏԱՐ» ԲԲԸ-ի տարածաշրջանային զարգացման փոխնախագահ ՎԻԿՏՈՐ ԿՈՐԵՇԸ։ Նրա խոսքերով` «հիմա արդեն նախապատրաստվում է այդ ընթացքը, մասնավորապես` ձայնային կապի ծառայությունների ոլորտում»:
«Կորնետ - AM»-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է դիմել հայցով, որպեսզի իրենք մոտ 60000 հեռախոսահամարներով սպառողին ծառայություններ մատուցելու հնարավորություն ստանան, և վերջապես ինտերնետը, հեռախոսն ու շատ այլ ծառայություններ մեր երկրում հասանելի լինեն բոլորին։ Անկախ նրանց զբաղեցրած դիրքից, աշխարհագրական տեղանքից և այլն:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6808

Մեկնաբանություններ